«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի՝ ավստրիական «Ռապիդի» դեմ խաղից առաջ Վիեննայի «Ալիանց» մարզադաշտում պատասխանել է լրագրողների հարցերին:
-Բավականին ուժեղ մրցակցություն է սպասվում, թիմն ի՞նչ մարզավիճակում է գտնվում, արդյոք համարո՞ւմ եք, որ թիմը լավ է պատրաստվել ու կարող է ավելի ուժեղ մրցակցի դեմ հաղթանակի հասնել։
— Մենք շատ լավ մարզավիճակում ենք: Ինչպես գիտեք՝ միայն Գամբուշն է բացակայում, մյուս տղաները հարյուր տոկոսով պատրաստ են խաղին: Մեր ամբողջ կազմը պատրաստ է խաղին: Գիտենք, որ «Ռապիդը» շատ բարձրակարգ թիմ է և այսպիսի մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունի: Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով՝ մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք ու փորձել երեք միավոր վաստակել: Վաղվա խաղն էլ բացառություն չի լինի:
— «Նոան» վստահ հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը: Կարո՞ղ եք համեմատական անցկացնել չեխական «Մլադայի» և Վիենայի «Ռապիդի» միջև. Որո՞նք են հիմնական տարբերությունները խաղային առումով և ի՞նչ արդյունք Ձեզ կբավարարի վաղվա խաղում:
-Իհարկե, բոլորովին տարբեր թիմեր են: Ամենայն հարգանքով «Մլադայի» հանդեպ, բայց «Ռապիդն» , իմ կարծիքով, շատ ավելի լավ ֆուտբոլիստներ ունի: Այս երկու թիմերի միջև, իհարկե, որոշակի ընդհանրություններ կան. Երկուսն էլ հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում, սիրում են վերահսկել խաղը: Այնպես որ, շատ մրցակցային ֆուտբոլ ենք ակնկալում վաղը, իսկ ինչ վերաբերում է արդյունքին, ապա յուրաքանչյուր խաղում, որին մենք մասնակցում ենք, ակնկալում ենք հաղթանակ. վաղն էլ բացառություն չէ: Իհարկե, «Ռապիդը» խաղում է սեփական հարկի տակ և ունի առավելություն, քանի որ ստանալու է իր երկրպագուների աջակցությունը:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա խաղից, Լիգայի փուլը հաղթանակով մեկնարկեցիք, ի՞նչ է պետք վաղվա խաղում ևս հաջողության հասնելու համար՝ հաշվի առնելով «Ռապիդի» առանձնահատկությունները:
-Իհարկե, ուսումնասիրել ենք «Ռապիդին», ինչպես ցանկացած այլ մրցակցի պարագայում: Լավ ենք ուսումնասիրել մրցակցին, գիտենք նրանց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը: Իհարկե, թույլ կողմերի մասին հրապարակային չեմ խոսի, բայց «Ռապիդը» շատ ուժեղ թիմ է, հարձակվողական ֆուտբոլ է խաղում, շատ բարձր որակ ունի: Գիտակցում ենք, որ նրանց շանսերն ավելի մեծ են և մենք հարգում ենք դա, գիտենք, որ նրանք ավելի լավ թիմ ունեն, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Եթե ունեք կամք պայքարելու, ապա ամեն ինչ հնարավոր է:
-«Նոայի» այս ճանապարհն ակումբի համար պատմական է: Ի՞նչ նշանակություն ունի այն անձամբ Ձեր մարզչական կարիերայում, արդյոք Ձեզ համար և՞ս սա կարիերայի կարևորագույն փուլն է:
-Ոչ միայն ինձ, այլև ակումբի և իմ տղաների համար լավ է, որ հաղթում ենք: Երբ մարդիկ քեզ հետ հույսեր չեն կապում, բայց դու գալիս և արդյունք ես ցույց տալիս: Հիմա ոչ մի ճնշում չենք զգում այսպիսի մրցաշարում: Ինչպես գիտեք, մեր նպատակը Կոնֆերենցիաների լիգայի մեծ փուլ դուրս գալն է:Յուրաքանչյուր խաղում փորձում ենք անել լավագույնը՝ հաղթանակի հասնելու համար:
-Ի՞նչ կասեք «Ռապիդի» մասին, ինչ պատկերացում ունեք այս ակումբի մասին:
-«Ռապիդը» շատ պատմական թիմ է: «Նոայի» հետ չէ, որ տեսել եմ «Ռապիդի» խաղը եվրագավաթային մրցաշարում: Իհարկե, մենք տեսել ենք «Պրահայի» հետ խաղը, գիտենք, թե «Ռապիդը» որքան մրցունակ է և որքան լավ կազմ ունի: Նրանք նաև շատ լավ սկսեցին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում՝ արտագնա խաղում տարած կարևոր և դժվար հաղթանակով Թուրքիայում: Իհարկե, նաև ներքին առաջնության աղյուսակում նրանց դիրքն ու գրանցած արդյունքները ցույց են տալիս, թե «Ռապիդը» որքան ուժեղ թիմ է: Մենք գիտենք սա, ու վաղը կփորձենք ավելի լավը լինել: Եթե կարողանանք, ավելի լավ: Սա նաև կարևոր է ոչ միայն մեր ակումբի, այլև՝ հայկական ֆուտբոլի հեղինակության համար: Ինչպես գիտեք, այս փուլում մեր մրցելույթը պատմական է: