Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։
Ավստրիական ակումբի պաշտոնական կայքը նախախաղային անոնսում նշել է, որ մրցակիցը բավական ուժեղ թիմ ունի, սակայն արտագնա խաղերում գրանցել է ոչ բավարար արդյունք։
«Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հաջողությամբ է հանդես գալիս Կոնֆերենցիաների լիգայում: Թիմը լավ մարզավիճակում է և արդեն հաղթել է մի քանի ուժեղ մրցակիցների: Նկատելի է հայերի ուժեղ խաղը տնային խաղադաշտում, որտեղ նրանք այս մրցաշրջանում իրենց հինգ բոլոր խաղերն էլ հաղթել են՝ ընդամենը մեկ գնդակ բաց թողնելով։ Արտագնա խաղերում պատկերը մի փոքր այլ է․ նրանք դժվարություններ են ունենում դրսում։ Թիմը համեմատաբար երիտասարդ է, սակայն ունի եվրոպական մրցաշարերում հանդես գալու փորձ։ «Ռապիդը» երբևէ չի հանդիպել հայկական ակումբների հետ, ուստի առաջիկա խաղը նոր փորձ կլինի երկու թիմերի համար»,- գրված է ավստրիական ակումբի պաշտոնական կայքում։
Նշենք, որ «Ռապիդը» երբևէ չի մրցել հայկական ակումբների հետ։