Ավելի վաղ գրել էինք, որ The Guardian-ը կազմել է աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկը (մանրամասներն՝ այստեղ)։ Ֆուտբոլիստները դասակարգված չեն ըստ վարկանիշի, այլ նշված են ընդհանուր աղյուսակում։
Ցուցակում ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Յամալը, Կուբարսին, Չիդո Օբի-Մարտինը, Էշտավիոն․․․ Հետաքրքիր է, որ ցանկում ընդգրկվել է նաև ֆուտբոլիստ, ով ներկայացնում է ոչ թե ակումբ, այլ ավագ դպրոց։ Խոսքը ճապոնացի Ռենտո Տակաոկայի մասին է, ով ներկայացնում է Նիշո Գակուեն ավագ դպրոցը։
Բայց դա միայն առայժմ․․․ ճապոնացի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր ունի պրոֆեսիոնալ ակումբի, այն էլ՝ «Սաութհեմփթոնի» հետ։ Ռենտոն ամռանը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, սակայն թիմին կմիանա միայն մարտին, երբ ավարտի ուսումնական տարին Ճապոնիայում։ Այդ իսկ պատճառով էլ նա այս պահին շարունակում է հանդես գալ ավագ դպրոցի թիմում։
Օրերս ֆուտբոլիստը նաև հարցազրույց էր տվել ապագա ակումբի մարզաշապիկով․
«Ես ցանկանում եմ շատ գոլեր խփել «Սաութհեմփթոնի» կազմում և դառնալ ֆուտբոլիստ, ով կարող է երեխաներին երազանքներ նվիրել։ Անպայման ցանկանում եմ ընդգրկվել ազգային հավաքականում և ակտիվ դեր խաղալ համաշխարհային ասպարեզում։ Ցանկանում եմ դառնալ աշխարհի չեմպիոն»,- ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Տակաոկան կլինի «Սաութհեմփթոնի» պատմության մեջ 5-րդ ճապոնացի ֆուտբոլիստը։ Ռենտոն ծնվել է 2007 թվականին, հանդես է գալիս Ճապոնիայի Մ17 և Մ18 հավաքականներում, մասնակցել է Մ17 ԱԱ-ին, որտեղ էլ գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը։ Իր կարիերայի ընթացքում ներկայացրել է միայն դպրոցական լիգաները։ Նախ հանդես է եկել Միմատայի դպրոցական թիմում, իսկ 2022-ից՝ ներկայացնում է Նիշո Գակուեն ավագ դպրոցը։