«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը բացատրել է, թե ինչու է դեմ արտահայտվել գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելուն։
«Ամբողջ հարցն այն է, որ սա միջազգային ֆուտբոլ է: Այստեղ միշտ խաղում են «մեր լավագույնները ձեր լավագույնների հետ» : Ակումբային ֆուտբոլն այս առումով որոշակիորեն տարբերվում է: Տարբեր ազգություններ, տարբեր մարզիչներ Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում, իսկական բազմազանություն: Սակայն միջազգային ֆուտբոլն ակումբային հանդիպումներից տարբերվում է նրանով, որ այնտեղ ներգրավված են մարդիկ քո երկրից»,- Կարագերի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկոպը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի հավաքականը 2025 թվականից կգլխավորի Թոմաս Տուխելը։ 51-ամյա Տուխելի նախորդ աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիան», որը նա լքել է 2024 թվականի մայիսին։