Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները հրաժարվել են գումար վճարել թիմի նախկին մարզիչ լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնին։ Ակումբն այս քայլին գնացել է որպես ծախսերի կրճատման քաղաքականության շարունակության մաս:
Ֆերգյուսոնը թոշակի անցավ 2013 թվականին և վարձատրվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից՝ որպես ակումբի դեսպան: Թե ինչ գումարի մասին է խոսքը, հայտնի չէ, սակայն ըստ աղբյուրի՝ Ֆերգին ստացել է մոտ 2 միլիոն ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ Ֆերգյուսոնի հետ այս հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով։ Միաժամանակ շոտլանդացին կշարունակի ներկա գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումներին։
Բայց դա ամենը չէ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ղեկավարները շարունակում են ակումբում հաստատել սեփական կանոնները։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լեգենդար մարզչին արգելել են ներկա լինել թիմի հանդերձարանում։ Հանդերձարանում ակումբի լեգենդների ներկա լինելը «Մանչեսթեր Յունայթեդի» վաղեմի ավանդույթ էր՝ դեռ սըր Մեթ Բասբիի ժամանակներից: Այժմ ակումբը, ըստ ամենայնի, որոշել է հրաժարվել այդ ավանդույթից։
Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է եղել 1986-2013 թվականներին։ Շոտլանդացու գլխավորությամբ թիմը կարողացավ նվաճել 38 տիտղոս, այդ թվում՝ 13 ԱՊԼ-ի տիտղոս և երկու Չեմպիոնների լիգայի գավաթ։