Այսօր աֆրիկյան ֆուտբոլում ծագած սկանդալից հետո Նիգերիայի հավաքականը բարեհաջող վերադարձել է տուն։
Այդ մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նիգերիայի հավաքականը մնացել էր Լիբիայի լքված օդանավակայանում՝ առանց սննդի, ջրի և կապի։ Ֆուտբոլիստները քնել էին ինքնաթիռում և հրաժարվում էին մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական հանդիպմանը։ Նիգերիացիները Լիբիային մեղադրում են հանդիպումը կանխամտածված խափանելու մեջ։
Նիգերիայի հավաքականի վայրէջքից անմիջապես առաջ ինքնաթիռը շտապ ուղղորդել են մեկ այլ օդանավակայան, որը, պարզվել է, լքված է։ Նիգերիացիները պետք է մի քանի ժամից այնտեղից հասնեին քաղաք, որտեղ պետք է կայանար հանդիպումը, սակայն ընդունող երկիրը նրանց տրանսպորտ չի տրամադրել։ Ավելին, մոտակա հյուրանոցներին արգելվել է տեղավորել նիգերիացիներին։ Նիգերիայի հավաքականը 13 ժամից ավելի մնացել է օդանավակայանում։ Հավաքականի ավագը հրապարակայնորեն դա անվանել է «ամոթ» և հայտարարել է, որ չի ցանկանում խաղալ Լիբիայի հետ, որը դիտավորյալ վատ պայմաններ է ստեղծել հյուրերի համար։ Այնուամենայնիվ, Նիգերիայի հավաքականի մարզիչն ասել է, որ Աֆրիկայում ավելի վատ բաներ է տեսել և պատրաստ է մասնակցել հանդիպմանը։
«Լիբիայի կառավարությունն առանց պատճառի չեղարկեց Բենգազիում նախատեսված վայրէջքը։ Նրանք կողպեցին օդանավակայանի դռները և մեզ թողեցին առանց հեռախոսային կապի, ուտելիքի և ջրի»,- սոցցանցերում գրել է Նիգերիայի հավաքականի ավագ Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։
Հետաքրքիր է, որ լիբիացիներն այս պահվածքին հետաքրքիր հիմնավորում են գտել. նրանք ասել են, որ հենց Նիգերիան է սկսել «անարգանքի մարաթոնը»։ Լիբիացի ֆուտբոլիստներին, իբր, օրեր առաջ վատ են ընդունել Նիգերիայում՝ մի քանի ժամ պահելով օդանավակայանում։