Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Известия-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանի և Էդգար Սևիկյանի վերաբերյալ հարցերին։
Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Սևիկյանը «Լոկոմոտիվ» տեղափոխվելուց հետո հասցրել է մասնակցել ՌՊԼ-ի 5 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
— Նախորդ տարին շատ վառ էր Նաիր Տիկնիզյանի համար։ Եվ նույնիսկ ընթացիկ մրցաշրջանում, չնայած նրան, որ ոչ պարբերաբար է ընդգրկվում «Լոկոմոտիվի» կազմում, կարողանում է դառնալ վճռորոշ գոլերի հեղինակ, ինչպես ամռանն աչքի ընկավ ԲԿՄԱ-ի հետ խաղում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա առաջընթացը վերջին տարիներին:
— Եկել է այն պահը, երբ նա հասել է իր լավագույն մարզավիճակին և դեռ պահպանում է այն։ Նույնիսկ հիմա, երբ կորցրել է տեղը հիմնական կազմում, փորձում է օգտագործել այն խաղային ժամանակը, որը նրան տալիս է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբը: Գիտեմ նրա մասնագիտական մոտեցման մասին, այդ պատճառով վստահ եմ, որ Նաիրը դեռ ցույց կտա իր լավագույն ֆուտբոլը:
— Նա հավաքականում խաղո՞ւմ է այնպես, ինչպես «Լոկոմոտիվի» կազմում ցուցադրած իր լավագույն խաղերում:
— Այո, նա մեր թիմի առաջատարներից մեկն է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի մարտավարությունը ենթադրում է շատ ակտիվ եզրային խաղ: Այդ պատճառով Նաիրի արագությունն ու եզրային խաղը շատ կարևոր են մեզ համար:
— Էդգար Սևիկյանի՝ վերջերս Ռուսաստան վերադառնալը համապատասխանո՞ւմ է հավաքականի շահերին:
— Իհարկե:
— «Ֆերենցվարոշը», եվրագավաթներում պարբերաբար հայտնվելու հետ մեկտեղ, ավելի վատ տարբերա՞կ է, քան ՌՊԼ-ը:
— Իհարկե: Նա նույնիսկ «Ֆերենցվարոշի» հայտացուցակում վերջին ժամանակներս չէր ընդգրկվում: Հուսով եմ, որ «Լոկոմոտիվում» նա մշտական խաղային պրակտիկա կունենա: Այս առումով նրա տեղափոխությունը մեզ համար անվերապահորեն դրական է: