ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ` երեկ, հոկտեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկու և թիմի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու նախախաղային մամուլի ասուլիսը:
«Հնարավոր է՝ այս հանդիպումը որոշիչ լինի խմբում առաջին տեղի համար։ Թեկուզ հաղթենք մրցակցին նվազագույն հաշվով, կարևորը 3 միավոր վաստակելն է։
Շիշկովսկու հետ խոսել ենք Հայաստանի ընտրանու խաղացողների մասին։ Պատրաստ ենք առաջիկա խաղին։ Մենք միշտ մանրամասն վերլուծում ենք մեր մրցակցին, անկախ նրանից, թե ով է նա։
Վերջին երեք խաղերում շատ լավ եմ համագործակցում թիմի պաշտպանների հետ և հավատում եմ, որ վաղվա խաղում գոլ չեմ ընդունելու»,- Դիմիտրիևսկու խոսքերն է մեջբերում Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցող ընտրանիների միջև հանդիպումն այսօր է՝ հոկտեմբերի 13-ին, 20։00-ին։