«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում ձայնագրման սարք է տեղադրվել Անգլիայի առաջնության 7-րդ տուրի «Աստոն Վիլայի» հետ խաղից առաջ, տեղեկացնում է The Sun-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, Բիրմինգհեմում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Աղբյուրի համաձայն՝ խաղից երկու օր առաջ անհայտ անձը հյուրերի հանդերձարանում թաքցրել է բջջային հեռախոս, որի միկրոֆոնը հնարավոր էր ակտիվացնել զանգի միջոցով։
Ասվում է, որ սարքը հաջողվել է հանել խաղից հետո։ Լրագրողները ծանոթացել են ՄՅՈւ-ի խաղացողների և մարզչական շտաբի խոսակցությունների ձայնագրություններին, սակայն դրանք չեն հրապարակել։
Անգլիայի առաջնության 7 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հանձնարարել է ակումբի մարզաբազայում պատ կառուցել՝ մարզումներն անհայտ անձանցից և քամուց պաշտպանելու նպատակով։