Հոկտեմբերի 9-ից 10-ը Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց փախստականների՝ Unity Euro Cup-2024 մրցաշարը, որի 16 մասնակից երկրների շարքում էր նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վիճակահանության արդյունքում մեր թիմն ընդգրկվել էր C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Սլովենիայի, Լատվիայի և Մալթայի ընտրանիները:
Հայաստանի փախստականների հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ և լարված պայքարում զիջեց մրցակցին 1:2 հաշվով:
Հաջորդ երկու հանդիպումները հաջող դասավորվեցին մեր հավաքականի համար: Նախ 1:0 հաշվով հաղթեցինք Մալթային, այնուհետև 2:1 հաշվով առավելության հասանք Սլովենիայի նկատմամբ: Այսպիսով, խմբում գրավեցինք 2-րդ հորիզոնականը:
Ըստ մրցաշարի կանոնակարգի, խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պետք է մրցեին միմյանց դեմ՝ պարզելու 5-8-րդ հորիզոնականների զբաղեցնող թիմերին: Այստեղ մեր մրցակիցը D խմբի երկրորդ հորիզոնականում գտնվող Իսպանիան էր: Այս խաղում ևս մեր թիմը կարողացավ հաջողության հասնել 2:1 հաշվով:
Այսպիսով, վերջանական հաշվարկով Հայաստանի փախստականների հավաքականը Unity Euro Cup-ում 16 երկրների շարքում գրավեց 5-րդ հորիզոնականը: