Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին երեկ՝ հոկտեմբերի 9-ին հարցաքննվել է Իտալիայի ոստիկանության կողմից միլանյան ակումբի ուլտրասների և հանցավոր խմբերի միջև եղած հնարավոր կապի գործով։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 30-ին շորթման և այլ հանցագործությունների կասկածանքով ձերբակալվել էր 19 անձ, այդ թվում՝ «Ինտերի» և «Միլանի» ուլտրասների մի քանի անդամներ։
Ձերբակալվածների մեծ մասը կապված է Կալաբրիայի մաֆիոզ ընտանիքների հետ և ենթադրվում է, որ լուրջ հանցագործություններ են կատարել՝ կապված ֆուտբոլային բիզնեսի հետ, այդ թվում՝ գումար շորթել «Սան Սիրոյում» տոմսերի և խմիչքների վաճառքից և կաշառք ստանալ մարզադաշտում կայանատեղիների վարձակալությունից:
Նշվում է, որ Ինձագին կասկածյալների թվում չէ, այլ վկա է այս գործով։ Դատախազությունը այս գործով միլանյան երկու ակումբներին՝ «Ինտերին» և «Միլանին» տուժող կողմ է ճանաչել։