Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժուել Կունդեն Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չի եկել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Diario Sport-ի լրագրող Տոնի Խուանմարտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանը ուշացել է նախախաղային խորհրդակցությունից, և Ֆլիկը որոշել է փոխել նրան։ Նշենք, որ գերմանացի մարզիչն արդեն զգուշացրել էր Կունդեին, որ «կպատժի» նրան, եթե նա ճշտապահ չլիներ։ Այս անգամ Ֆլիկն արդեն քայլեր է ձեռնարկել։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով՝ 3։0 հաշվով, հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռոբերտ Լեւանդովսկին։
Կատալոնական «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թիմը ինը խաղում վաստակել է 24 միավոր։ «Ալավեսը» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։