Սեպտեմբերի 30-ին ամփոփվել է Armenian Soccer Awards հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում իրենց մրցանակներն են ստացել 2023/24 մրցաշրջանի լավագույնները:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև ArmSport.am-ը: Ներկայացնում ենք մեր խմբագրության վարկածով լավագույններին՝
Լավագույն դարպասապահ՝ Օգնյեն Չանչարևիչ («Ալաշկերտ»/«Նոա»)
Լավագույն պաշտպան՝ Խամես Սանթոս դաս Նեվես («Փյունիկ»)
Լավագույն կիսապաշտպան՝ Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»/«ԱրարատԱրմենիա»)
Լավագույն հարձակվող՝ Արթուր Միրանյան («Նոա»)
Լավագույն մարզիչ՝ Եղիշե Մելիքյան («Փյունիկ»)
Լավագույն հայ ֆուտբոլիստ՝ Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»)
Լավագույն մեկնաբան՝ Արման Աբելյան
Armenian Soccer Awards-2024-ում մրցանակաբաշխության պատմության մեջ 2-րդ անգամ պարգևատրվեց առաջնության խաղերի լավագույն մեկնաբանը: Ինչպես 2023-ին, այս տարի ևս մրցանակին արժանացավ ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը:
«Բոլորս ամեն ինչ փորձում ենք անել խաղերը դիտելն ավելի հետաքրքիր դարձնելու համար, և կարող եմ բոլոր մեկնաբանների անունից ասել՝ բոլորս շատ սիրում ենք մեր ֆուտբոլը և շատ մեծ հաճույքով ենք մեկնաբանում: Դա պարզապես աշխատանք չէ. ապրում ենք դրանով»,- մրցանակը ստանալուց հետո ասել է Արման Աբելյանը:
Մեկնաբանական խցիկից «գնդակը փոխանցվեց» խաղադաշտ:
2023/24 մրցաշրջանում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օգնյեն Չանչարևիչը: Մրցանակը Ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահին հանձնեց ՖԱՖ երկրպագուական շարժման անդամ Վահե Գասպարյանը, որը նաև ՖԱՖ-ի կողմից «Մինչև խոր ծերություն» գրությամբ շապիկ նվիրեց արդեն 35-ամյա Չանչարևիչին:
2023/24 մրցաշրջանում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի «Լավագույն պաշտպան» մրցանակին արժանացավ «Փյունիկի» ֆուտբոլիստ Ջեյմս Սանթոսը, որը քվեարկության արդյունքներով ընդամենը 2 միավորով էր շրջանցել իր թիմակից Անտոն Բռատկովին: Սանթոսին մրցանակը հանձնեց Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արթուր Մկրտչյանը:
«Շատ շնորհակալ եմ մրցանակի համար: Ինձ Հայաստանում շատ լավ են ընդունել: Կարծում եմ՝ դրանում մեծ նշանակություն ունի նաև այն, թե իմ ակումբն ինչպես է ընդունել և աջակցում ինձ: Դրա համար ևս շնորհակալ եմ»,- մրցանակը ստանալուց հետո ասաց Սանթոսը:
2023/24 մրցաշրջանում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի «Լավագույն կիսապաշտպան» մրցանակը բաժին հասավ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յեննեին, որին պարգևատրեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանը: «Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, ամբողջ մարզչական շտաբին՝ ինձ հավատալու համար: Ես հավատում եմ ճակատագրին: Երջանիկ եմ, որ այս պահին խաղում եմ Հայաստանում»,- մրցանակը ստանալուց հետո ասաց Յեննեն:
2023/24 մրցաշրջանում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի «Լավագույն հարձակվող» մրցանակին քվեարկությամբ արժանացել է «Նոայի» նախկին հարձակվող և նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը: Օրերս Ռումինայի առաջնություն տեղափոխվելու առիթով ֆուտբոլիստը չէր կարող ներկա լինել մրցանակաբաշխությանը: «Շատ ուրախ եմ այս մրցանակին արժանանալու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ակումբներին և մարզական մեդիային: Սա ինձ համար նոր նվաճում է, շատ ուրախ եմ և հուսով եմ՝ նույն ձևով կշարունակեմ հանդես գալ արտերկրում»,- տեսաուղերձով ներկաներին ողջունելով՝ ասաց Արթուր Միրանյանը:
Դիրքային խաղացողների պարգևատրումից հետո պարգևատրվեցին 2023/24 մրցաշրջանում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 3 լավագույն գոլերի հեղինակները: 3-րդ մրցանակին արժանացավ Կարեն Նալբանդյանը, 2-րդ մրցանակը բաժին հասավ Տենտոն Յեննեին, իսկ լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց Հովհաննես Հարությունյանը:
3-րդ տարին անընդմեջ «Լավագույն մարզիչ» մրցանակին արժանացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նրան պարգևատրեց Կարեն Ռաֆայելյանը:
Մրցանակը ստանալուց հետո Մելիքյանը շնորհավորեց բոլոր մրցանակիրներին, նաև շնորհակալություն հայտնեց իր ֆուտբոլիստներին լավ խաղի, արդյունքներ ապահովելու համար: «Պատասխանատվություն եմ զգում, գնահատվածություն եմ զգում: Կաշխատեմ առաջիկա աշխատանքովս չհիասթափեցնել այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- ասաց Մելիքյանը:
2023/24 մրցաշրջանի «Լավագույն հայ ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթողը անփոփոխ էր. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյան:
Երեկոյի ամփոփիչ ելույթում մրցանակաբաշխության հիմնադիր Էդգար Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխության կայացման աջակիցներին և գործընկերներին:
«Նախկինում մենք անձամբ էինք մրցանակները տանում ֆուտբոլիստներին՝ հանձնելով ակումբային օֆիսներում կամ խաղադաշտում: Հետո կողքիս հայտնվեցին հրաշալի գործընկերներ և մրցանակաբաշխությունը ստացավ այս մասշտաբները: Իրականում սա բարդ աշխատանք է, բայց հրաշալի գործընկերների շնորհիվ ամեն բան հարթ է ընթանում: Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար»,- իր ելույթում ասաց Էդգար Պետրոսյանը: