«Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանի արդյունքներով գրանցել է 91 միլիոն եվրոյի կորուստ, հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում։
Ակումբի տնօրենների խորհուրդը երկուշաբթի օրն անցկացրել է արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվել են անցած մրցաշրջանի ֆինանսական արդյունքները և 2024/25 մրցաշրջանի բյուջեի ծրագիրը։ Փաստաթղթերը պետք է հաստատվեն ընդհանուր ասամբլեայի նիստում։
Ինչպես նշվում է, ակումբը գրանցել է ռեկորդային եկամուտ հովանավորական պայմանագրերից՝ ավելի քան 210 միլիոն եվրո։ «Բարսելոնան» նաև ստացել է ռեկորդային շահույթ ֆուտբոլիստների տրանսֆերներից, որը գերազանցել է 80 միլիոն եվրոն։ Աշխատավարձերի հիմնադրամը նվազել է 670 միլիոն եվրոյից մինչև մոտ 500 միլիոն։ Զեկույցում նշվում է, որ «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման պատճառով տնային հանդիպումների անցկացումը Օլիմպիական մարզադաշտում հանգեցրել է տարեկան սովորական եկամուտի ավելի քան 100 միլիոն եվրոյի կրճատման։
— Ակումբը 2023/24 մրցաշրջանը փակում է 91 միլիոն եվրոյի մաքուր կորուստով, — ասվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանի բյուջեի նախագծին, ապա «Բարսելոնան» ակնկալում է, որ հովանավորությունից ստացվող եկամուտները «էականորեն կաճեն» և կհասնեն 250 միլիոն եվրոյի։
— Կանխատեսվում է, որ թիմը մրցաշրջանի երկրորդ կեսին կվերադառնա «Կամպ Նոու»։ Ակումբը ակնկալում է ֆիզիկական և էլեկտրոնային վաճառքների հետագա աճ՝ կանխատեսելով ավելի քան 125 միլիոն եվրո եկամուտ։
Կպահպանվի զգուշավոր ներդրումային քաղաքականությունը, որը կհարմարեցվի ակումբի ընթացիկ ֆինանսական վիճակին, և շեշտը կդրվի ակումբի ներսում գտնվող ֆուտբոլիստների զարգացման վրա։
2024/25 մրցաշրջանի աշխատավարձերի հիմնադրամի կանխատեսվող չափը կայուն կմնա 500 միլիոն եվրոյի մակարդակում, — նշվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել քառորդ եզրափակչում։