Հոլանդական «Տվենտեի» կիսապաշտպան Յուրի Ռեգերը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպման մասին (1:1).
«Հաշիվը 1:1 է, և մենք մեկ միավոր ունենք, բայց կարծում ենք, որ կարող ենք հպարտանալ մեզանով: Հանդիպումից առաջ մամուլը գրում էր, որ մենք գալու ենք այստեղ և ոչ մի շանս չենք ունենալու։ Բայց մենք լավ տրամադրվածություն ցույց տվեցինք պաշտպանությունում: Բացի այդ, մենք լավ տիրում էինք գնդակին և լավ ֆուտբոլ էինք խաղում։ Կարծում եմ՝ մենք Եվրոպային ցույց տվեցինք, թե ինչպես կարող ենք խաղալ։
Բաց թողած գոլից առաջ մենք մի քանի հնարավորություն ունեինք։ Մեր դարպասապահ Ուներստալն առաջին խաղակեսում կանխեց մրցակցի մեկ հնարավորությունը և նաև մի քանի լավ սեյվեր կատարեց վերջին րոպեներին, բայց մենք նաև ստեղծեցինք մեր հնարավորությունները, ուստի կարող ենք հպարտանալ մեզանով: Մենք խաղից խաղ առաջ ենք գնալու, բայց սա շատ լավ սկիզբ է մեզ համար»,- Ռեգերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։