«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը կարծում է, որ «կարմրա-կանաչների» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պետք է կենտրոնանա ներկայիս թիմում խաղալու վրա և չշեղվի եվրոպական ակումբ տեղափոխվելու խոսակցություններից։
«Ինձ տխրեցնում է Տիկնիզյանի խաղը «Լոկոմոտիվում»։ Նա ոչ մի կերպ չի վերագտնում այն մարզավիճակը, որը ուներ անցած մրցաշրջանում։ Նաիրը լավ է խաղում, բայց ինչ-որ կերպ դեռ ինչ-որ բան չի ստացվում։
Չգիտեմ, գուցե Եվրոպայի մասին խոսակցությունները շեղում են նրան։ Նրան պետք է հավաքվել և կենտրոնանալ ներկայիս թիմի խաղի վրա։ Առայժմ նրա վերաբերյալ որևէ առաջարկ չկա», — մեջբերում է Նաումովին РБ Спорт-ը։
ՌՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղի վերջնամասում Տիկնիզյանը լքել է խաղադաշտը բժիշկների օգնությամբ։ Վերջինիս վնասվածքի լրջության և ապաքինման ժամկետների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Տիկնիզյանը մասնակցել է 12 խաղի` դառնալով երկու գոլի հեղինակ։