Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի առաջիկա խաղում կարող է մնալ պահեստայինների նստարանին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է հանգիստ տրամադրել իսպանացուն այն պատճառով, որ նա ազգային թիմի կազմում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկու հանդիպումներում էլ առանց փոխարինման է խաղացել, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է մադրիդյան ակումբի բոլոր հինգ հանդիպումներին՝ չորս խաղում հանդես գալով մեկնարկային կազմում:
Նշվում է, որ Անչելոտին ցանկանում է Կարվախալին թարմ տեսնել Չեմպիոնների լիգայի «Շտուտգարտի» հետ խաղում, որը կկայանա սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողների վնասվածքների պատճառով Կարվախալը հաջորդ խաղում կարող է հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում։