UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է 2025 թվականի ընտրություններում Իռլանդիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին։ Այս մասին խառը մենամարտերի մարտիկը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Որպես նախագահ՝ ես իրավունք կունենամ և՛ գումարելու խորհրդարանի ստորին պալատը, և՛ ցրելու այն: Ես արդեն ասացի, որ ես ուզում եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք իռլանդացիներն են ուզում։ Ցանկանում եմ պաշտպանել բոլոր հասարակ աշխատավոր մարդկանց կողոպտիչներից, փոքր բիզնեսի ու ընտանեկան արժեքները կործանողներից։ Բարձր պաշտոններ զբաղեցնող շառլատանները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Մաքգրեգորը:
UFC-ի նախկին չեմպիոնը նաև ասել է, որ «Իռլանդիային պետք է նախաձեռնող նախագահ»՝ ընդգծելով, որ նա «միակ տրամաբանական ընտրությունն է» 2025 թվականին։
Քոնոր Մաքգրեգորն ավելի վաղ ակնարկել էր , որ կարող է դառնալ ակտիվ և երիտասարդ նախագահ, որի օրոք իշխանությունն ամբողջությամբ կպատկանի երկրի ժողովրդին։