Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին խնդրել է հրաժարվել իր այն խոսքերից, որով ֆուտբոլիստն առաջարկում է զրկել Իսպանիային 2030 թվականին Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից։ Բրազիլացին հայտարարել է, որ երկիրը պետք է լուծի ռասիզմի հետ կապված խնդիրները, հակառակ դեպքում աշխարհի առաջնությունը չպետք է անցկացվի Իսպանիայում:
«Մենք բոլորս գիտենք, որ հասարակության մեջ կան ռասիստական դրսևորումներ, և որ մենք պետք է քրտնաջան աշխատենք արմատախիլ անելու այդ ռասիստական դրվագները: Բայց հատկապես Իսպանիայի և Մադրիդի նկատմամբ չափազանց անարդար է ասել, որ մենք ունենք ռասիստական հասարակություն, և ավելին, վտանգել 2030 թվականի աշխարհի առաջնությունը։ Խնդրում եմ ուղղել ձեր հայտարարությունը, պետք է ներողություն խնդրեք։ Իմացեք, որ երբ ռասիստական միջադեպ տեղի ունենա, մենք բոլորս ձեր կողքին կլինենք, բայց մենք ձեր կողքին չենք լինի, երբ ասեք, որ մենք ռասիստ ենք: Որովհետև դա ճիշտ չէ: Երբ սխալ ես թույլ տալիս, պետք է ուղղես այն։
Հոյակապ ֆուտբոլիստ լինելը չի նշանակում, որ չես կարող խաբել, իսկ այս անգամ նա խաբեց: Վինիսիուսը ռասիզմի դեմ պայքարում իր կողքին ունի իսպանական հասարակության ճնշող մեծամասնությունը, բայց մենք չենք կարող նրա կողքին լինել, երբ նա գրեթե ողջ իսպանական հասարակությանը և հատկապես Մադրիդի հասարակությանը ռասիստ է անվանում, քանի որ ես չեմ կարող դա ընդունել»,- Մադրիդի քաղաքապետի խոսքերն է մեջբերում Marca-ն: