Ավստրալացի թենիսիստուհի Մայա Ջոյնթը կարող է կորցնել ԱՄՆ-ի բաց առաջնությունում վաստակած մրցանակային գումարի մեծ մասը՝ կապված Ամերիկյան ազգային քոլեջի մարզական ասոցիացիայի (NCAA) կանոնների հետ։ Այս մասին հայտնում է Fox Sports-ը։
18-ամյա Ջոյնտը ուղեգիր նվաճեց US Open-ում, կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս գալով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հիմնական խաղարկությունում, իսկ առաջին շրջանում նա հաղթեց գերմանուհի Լաուրա Զիգեմունդին (6:4, 7:5): Ավստրալուհին երկրորդ փուլ դուրս գալու համար արդեն վաստակել է 140 հազար դոլար մրցանակային գումար։
Բայց Ջոյնթը նախկինում հաճախել է Տեխասի համալսարան, և NCAA կանոնները սահմանափակում են ուսանող-մարզիկներին, որոնք մրցում են պրոֆեսիոնալ մրցաշարերում: Նրանք կարող են ստանալ մինչև 10 հազար դոլոր մրցանակ, և ցանկացած հետագա շահում կարող է օգտագործվել միայն ծախսերը վճարելու համար: Որոշ մարզիկներ այժմ դատի են տալիս NCAA-ին այս կանոնների պատճառով:
Նշվում է, որ Ջոյնթը` աշխարհի 135-րդ ռակետը, կարող է հրաժարվել համալսարանում սովորելուց և առանց սահմանափակումների շարունակել ելույթները։
Թենիսիստուհին ասել է, որ չի պատկերացրել, որ կարող է այդքան առաջ գնալ US Open-ում և մրցաշարից հետո նախատեսում է համալսարան գնալ, որտեղ ցանկանում է սովորել հոգեբանություն և քրեագիտություն։