Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» վաղը կհանդիպի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ։
Հանդիպումը կկայանա վաղը, Աբովյանում, և կմեկնարկի 20։00-ին։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Նոայի» ֆուտբոլիստ Գուդմունդուր Թորարինսոնը։
«Այս պահին հիանալի մարզավիճակում ենք գտնվում։ Մի քանի օր ենք ունեցել հանգստանալու համար։ Բոլորը պատրաստ կլինեն վաղվա խաղում ներդնել բոլոր ուժերը։
«Նոային» միանալուց առաջ խոսել եմ մարդկանց հետ, որոնք կապ են ունեցել հայկական ֆուտբոլի հետ: Ինձ ասում էին, որ սա շատ մեծ ու հավակնոտ նախագիծ է: Ինձ դուր եկավ այն ամենն, ինչ իմացա: Իհարկե, բարդ է իմ հայրենիքից և ընտանիքից հեռու գտնվելը, և պայմանագիր կնքելուց առաջ պետք էր մանրամասն ամեն ինչի մասին տեղեկանալ, բայց մինչ այս պահը ես ինձ չափազանց երջանիկ ու հաջողակ եմ զգացել այս ակումբի մի մասնիկը դառնալու համար: Ամեն ինչ համապատասխանում էր իրականությանը. սա իսկապես մեծ ու հավակնոտ նախագիծ է, մենք պետք է փորձենք առաջ տանել «Նոան» ու լավ թիմ կառուցել», — նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գուդմունդուր Թորարինսոնը։