Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի բացառել, որ առաջիկայում կարող է հրաժեշտ տալ հայկական ծանրամարտին: Այս մասին մասնագետը հայտնել է Փարիզում գործող «Հայաստանի Օլիմպիական տանը»՝ լրագրողների հետ զրույցում:
«Շատ հավանական է, որ կամաց-կամաց հրաժեշտ տամ հայկական ծանրամարտին: Առաջարկներ ունեմ Չինաստանից ու մի քանի այլ երկրներից: Կարծում եմ՝ ունեմ արժանի փոխարինողներ Հայաստանում»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:
Մարզիչը նաև ամփոփել է Փարիզում ավարտված ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը գերծանր քաշայինների պայքարում զբաղեցրեց երկրորդ տեղն ու դարձավ արծաթե մեդալակիր:
«Մեզ համար շատ հաճելի էր այստեղ լինել. կարծես՝ տանը լինեինք, օտարության զգացում չկար: Շատ ջերմ և բարեհամբույր ընդունելության ենք արժանացել, ինչի համար շատ շնորհակալ ենք: Ինչ վերաբերում է գերծանր քաշայիններին, ապա ամեն անգամ Լաշան մեզ հաղթել է, բայց այս անգամ մենք պարտվեցինք Լաշային: Չեմ կարծում, որ կմնա ասպարեզում, քանի որ առողջական խնդիրներ ունի, թեև ծանր քաշերում կարող են մինչև 35-36 տարեկանը մասնակցել»,-ասել է Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Անդրանիկ Կարապետյանը՝ 7-րդ տեղը: