Տակեֆուսա Կուբոն Սաուդյան Արաբիայում կարող էր ընդհանուր առմամբ վաստակել 160 միլիոն եվրո։ Բայց նա մերժել է այս առաջարկը, հայտնում է Goal-ը։
«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Տակեֆուսա Կուբոն բացատրել է, թե ինչու է մերժել Սաուդյան Արաբիայի անհավանական շահավետ առաջարկը:
Նշվում է, որ Կուբոն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկից՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ։ Քանի որ պայմանագիրը նախատեսված էր չորս տարով, ճապոնացին Սաուդյան Արաբիայի լիգայում ընդհանուր առմամբ կվաստակեր 160 միլիոն եվրո:
«Մանկուց ինձ համար ամենակարևորը եղել է լավագույնների դեմ խաղալը», — ընդգծել է Կուբոն France Football-ին տված հարցազրույցում, ապա բացատրել, թե ինչու չէր ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա.
«Եթե մի օր Սաուդյան Արաբիայի լիգան լինի աշխարհի լավագույն առաջնությունը մարզական տեսանկյունից, ես կտեղափոխվեմ այնտեղ, բայց այս պահին լիգան գրավիչ է միայն ֆինանսական տեսանկյունից»,- ասել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է «Լիվերպուլը»։