«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-ի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Մենք գիտենք, որ ԱԵԿ-ը շատ ուժեղ թիմ է։ Հունաստանում նրանք մշտապես պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար, նաև մշտապես մասնակցում են եվրագավաթներին։
Վաղվա խաղին մենք տրամադրված ենք, ինչպես նախորդ խաղում էր։ Մենք հարգում ենք մեր յուրաքանչյուր մրցակցի, բայց մենք պատրաստվում ենք փորձել հաղթել, սա միակ ձևն է, որը մենք գիտենք, մենք այսպես ենք աշխատում։
Սա ֆուտբոլ է, մենք գիտենք, որ բարդ խաղ է, բայց անհնար չէ։ Հետևաբար վաղը ոչնչով չի տարբերվելու նրանից, ինչ մենք մինչև հիմա արել ենք։ Մենք գիտենք, որ մրցակիցը լավն է, բայց «Նոան» էլ իր գործն է անում, մենք էլ լավ թիմ ունենք։ Վաղը կտեսնենք, թե թիմերից յուրաքանչյուրն ինչ կանի»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Նոա» — ԱԵԿ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։