Հուլիսի 30-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի «Ստրուգային»։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է հյուսիսմակեդոնական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Պատասխան հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Առաջին խաղում մեզ զարմացրեց մրցակցի խաղադաշտը։ Շատ անորակ էր, ինչը հավասարեցրեց խաղը։ Նման խաղադաշտերում ամենաթույլ թիմը կարող է հավասար խաղալ ուժեղ թիմի հետ։ Առաջին խաղում մրցակիցը հաղթեց՝ մեր սխալներն օգտագործելով։
Մենք այս քանի օրվա ընթացքում շատ քննադատությունների արժանացանք։ Բայց ասեմ, որ մենք արժանի էինք դրան։ Երկրպագուն իրավունք ունի և քննադատի, և ողջունի։ Պետք է այնպիսի ֆուտբոլ խաղանք, որ արժանանանք դրական վերաբերմունքի։
Պատրաստ ենք վաղվա խաղին։ Այս հանդիպումը սկսվելու է 0-1 հաշվով։ Պայքարելու ենք մինչև վերջ։ Պետք է ամեն ինչ անենք, որ որակավորման այս փուլն անցնենք։
Մրցակիցը շատ բարդ է, փորձառու, ունի բնավրություն, կարգապահ է։ Բայց առաջին խաղում ավելի լավ ճանաչեցինք մրցակցին։ Վերլուծել ենք նրանց խաղը, պատրաստ ենք պատասխան հանդիպմանը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․
«Փյունիկ»-«Ստրուգա» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, ու մուտքն անվճար կլինի երկրպագուների համար: