Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ին ՀԱՕԿ պաշտոնական կայքում հայտարարվեց՝ Հալվերսոնը կներկայացնի Հայաստանը Փարիզ-2024-ի աթլետիկայի մրցումներում: Ավելի ուշ պարզվեց՝ Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը դեռ վերջնական չէ, և որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան գրությամբ դիմել է Աթլետիկայի համաշխարային ֆեդերացիային՝ մրցատարածության՝ հետևաբար նաև մասնակցի փոփոխության խնդրանքով:
Նշենք՝ հավանական թեկնածուների թվում շրջանառվում էին նաև վազորդներ Գայանե Չիլոյանի, Էլլադա Ալավերդյանի ու Երվանդ Մկրտչյանի անունները: Եռացատկորդ Լևոն Աղասյանն էլ կարող էր վարկանիշ նվաճել Կապանի միջազգային մրցաշարում, սակայն, չնայած հաղթանակին, նորմատիվը լրացնել չհաջողվեց:
Ի վերջո, Հայաստանի օլիմպիական թիմում ընդգրկվեց վազորդ Երվանդ Մկրտչյանը, որը հանդես կգա 800 մետր վազքատարածությունում:
Թարգմանաբար ներկայացնում ենք Ալիսոնի գրառումն ամբողջությամբ:
«Ես միշտ իմացել եմ, որ գուցե չկարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց չէի կարող պատկերացնել, որ դա այս ձևով կլինի:
Հունիսի 26-ին իմ մասնակցությունը հաստատվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, իսկ Հայաստանի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ ես ներկայացնելու եմ Հայաստանը Փարիզ-2024-ի 100 մ վազքի մրցումներում՝ ունիվերսալ տեղով (խմբ. քիչ թվով մասնակիցներ ունեցող ազգային Օլիմպիական կոմիտեներին տրվող տեղեր՝ ավելի մեծ մասնակցության և բազմազանության համար): Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, տուրք տալով մյուս աթլետների և մարզիկների ճնշումներին, հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ես չեմ մեկնելու Խաղերին, որ ես ամերիկացի եմ և չեմ մարզվել Հայաստանում: Նրանք ասացին, որ կա՛մ իմ փոխարեն 100 մ վազքի մեկ այլ կին ներկացուցչի կտանեն, կա՛մ տղամարդու՝ 800 մ վազքում:
Շատ ծանր էր այդ ամենը տեսնելը, հատկապես այդ մարզիկների և որոշում կայացնողների հետ մեկ ամիս Հայաստանում անցկացնելուց հետո, բայց, անկեղծ ասած, դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից՝ հաստատումից և ընդունումից հետո: Անգիր գիտեմ Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի ընտրության կանոններն ու գիտեի, որ մայիսի 31-ից հետո չեն կարող փոխել իրենց ներկայացրած մասնակցին, և ընդամենը մեկ ունիվերսալ տեղ է հատկացվում այն երկրին, որը վարկանիշ նվաճած կին կամ տղամարդ մարզիկ չունի, ինչպես Հայաստանի պարագայում էր: Եթե 800 մ վազորդը չի ընտրվել որպես թոփ 3 ունիվերսալ, ապա ոչինչ անել հնարավոր չէ… կամ էլ՝ ես էի այդպես կարծում: Չէի սպասում, որ Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան կանտեսի իր սեփական կանոններն ու տուրք կտա տարբեր երկրների ճնշումներին:
Հայաստանը նամակ է գրել Համաշխարհային ֆեդերացիային՝ խնդրելով ինչ-որ կերպ ընդունել 800 մ վազորդին, և, ի զարմանս ինձ, նրանք ընդունել են: Վազքային ձևերի 48 մարզիկների (որոնցից 3-ը սպիտակ քարտով մասնակցության իրավունք ստացած) փոխարեն World athletics-ը տղամարդկանց 800 մետր վազքի մասնակիցների թիվը հասցրել է 53-ի՝ 7 ունիվերսալ տեղով: Սրա մասին հայտարարվեց Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ինձ ուղարկված նամակից երկու օր անց, որով ինձ տեղեկացնում էին՝ 800 մ վազքում միայն 3 ունիվերսալ տեղ է հատկացված: Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ World athletics-ը պարզապես որոշել է վերջին պահին փոխել իր որակավորման գործընթացը, որը սահմանվել էր դեռ 2022 թվականին: Մարզիկները ծրագրում և իրենց կյանքից տարիներ են զոհաբերում Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, և մենք չենք կարող հույս դնել նույնիսկ նրա վրա, որ որակավորման կանոնները կլինեն շատ հասկանալի, և դրանց կհետևեն:
Ամենացավալին այն է, որ նմանօրինակ իրավիճակում ես հայտնվել եմ 2019 թվականին, երբ դարձյալ ընտրվել և հայտարարվել էի որպես Պան-Ամերիկյան Խաղերի մասնակից, իսկ հետո դուրս մնացել թիմից, քանի որ ԱՄՆ աթլետիկայի ֆեդերացիան (USATF ) ընտրական գործընթացն այլ կերպ է կազմակերպել, քան թիմն ընտրելու գործընթացը, ինչի պատճառով մի շարք մարզիկներ դատական գործընթացներ էին սկսել: Հենց սա էր պատճառը, որ ես սկսեցի աշխատել Հայաստան տեղափոխվելու ուղղությամբ…. բայց տեղի ունեցավ նույնը, ուղղակի՝ Օլիմպիական խաղերի հարցում: Եվ ավելի դժվար է, քանի որ ես 3 տարի եմ վատնել՝ սպասելով երկրի փոփոխության գործընթացի ավարտին՝ այդ ընթացքում բաց թողնելով 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը. քաղաքացիությունը փոխող մարզիկների 90%-ի համար մասնակցությունը չեղարկվում է: Իսկ Համաշխարհային ֆեդերացիան ինձ ասում էր՝ ես համապատասխանում եմ Հայաստանը ներայացնելու բոլոր չափանիշներին, բայց, միևնույն է, ցանկանում էին, որ ես սպասեմ:
Վերջին մի քանի շաբաթները կյանքիս ամենաբարդ շրջանն էին… Նախ, ես տեսա իմ անունը՝ որպես Օլիմպիական խաղեր մեկնող մարզիկի, հետո իմ երկիրը ջնջեց իմ անունը, իսկ հետո Համաշխարհային ֆեդերացիան խախտեց իր սեփական օրենքները ինձ ՕԽ-ից դուրս թողնելու համար: Շարունակում եմ վստահել Աստծո՝ ինձ համար կազմած պլանին, անգամ եթե դա այն չէ, ինչ ես ցանկանում եմ, անգամ եթե այն շփոթեցնող է և ցավալի: Մի օր ես կհասկանամ, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ ամենացավալի ձևով, և հուսով եմ՝ իմ պատմությունն օգտակար կլինի մյուսների համար: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք աղոթել են ինձ համար, աջակցել են ինձ, քաջալերել են և օգնել հասնելու իմ նպատակներին: Ամեն դեպքում, պետք է առաջ շարժվել և կենտրոնանալ հետագայի վրա»,- գրել է Ալիսոն Հալվերսոնը: