Ռաֆայել Մարկեսը մեկնաբանել է իր հրաժարականը «Բարսելոնայի» երկրորդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ես շատ օրեր եմ անցկացրել՝ վերլուծելով նոր մարտահրավեր ընդունելու որոշումը: Ինձ համար շատ դժվար էր «Բարսա Աթլետիկից» հեռանալու և նոր պարտականություններ ստանձնելու որոշում կայացնելը։
Կյանքում երբեք չեմ սիրել լինել իմ հարմարավետության գոտում։ Ես միշտ ձգտում եմ կատարելագործվել, և այս երկու տարիները «Բարսա Աթլետիկում» օգնեցին ինձ հասկանալ, որ կա կիրք և գաղափար, որը ես պետք է շարունակեմ հղկել քրտնաջան աշխատանքի միջոցով:
Ես շնորհակալ եմ այն մեծ հնարավորության համար, որն ինձ ընձեռել է «Բարսելոնան», շնորհակալ եմ նախագահ Ժոան Լապորտային, ակումբի ղեկավարությանը, անձնակազմին, խաղացողներին և աշխատակիցներին: Հուսով եմ, որ հասել եմ իմ նպատակներին և ակնկալիքներին: Ինչպես եղել է ակումբում հանդես գալու ժամանակ՝ որպես խաղացող, հուսով եմ, որ սա նորից կլինի ոչ թե հրաժեշտ, այլ՝ մինչ նոր հանդիպում»,- գրել է Մարկեսը սոցիալական ցանցի իր էջերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկեսը կշարունակի աշխատել Մեքսիկայի հավաքականի մարզչական շտաբում։