«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկորդ փուլի «Զիմբրուի» դեմ խաղից առաջ հերքել է այն լուրերը, որոնց համաձայն Երևան-Քիշնև չվերթի ուղևորները ակումբի պատճառով դուրս են մնացել չվերթից։
«Պարզաբանում․ Ի պատասխան մամուլում տեղ գտած ու իրականության հետ աղերս չունեցող հրապարակումների` տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ ընդհանուր հիմունքներով վաղօրոք ձեռք էր բերել հուլիսի 23-ի` Երևան-Քիշնև չվերթի տոմսերը։
Ակումբի անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել ու ի վերջո տևական ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև, որտեղ թիմը պիտի Հայաստանը ներկայացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորմնան երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ «Արարատ-Արմենիա» ակումբի անունն ավելորդ անգամ շահարկելուց: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, միասին մենք կարող ենք»,- ասված է ակումբի տարածած հայտարաության մեջ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» վաղը՝ հուլիսի 25-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակում կմրցի «Զիմբրուի» հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։