Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է այն փաստը, որ Սպորտային վարչական դատարանը իր նկատմամբ կարգապահական գործ է հարուցել։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ համապատասխան բողոք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
«Ես չեմ պատրաստվում մի կողմ քաշվել, անցնելու երկար ճանապարհ կա: Գործը հարուցվել է, բայց հուսով եմ, որ որոշ ժամանակ անց ես կկարողանամ շահել այն։ Սա Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ձեռքի գործն է։ Քանի որ նա չի կարողացել համոզել ոչ իսպանական, ոչ էլ եվրոպական ակումբներին ներառվել Սուպեր լիգայի նախագծում, նա փորձում է Լա Լիգայի դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահին հեռացնել, որը ես եմ»,- ասել է Տեբասը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, Պերեսը բողոք է ներկայացրել Տեբասի դեմ՝ կապված Լա լիգայի վեհաժողովի գումարման ժամանակ հնարավոր խախտումների հետ՝ CVC ներդրումային հիմնադրամի հետ պայմանագիր կնքելու հարցով։
Նշվում է, որ եթե դատարանը բավարարի «Ռեալի» բողոքը, Տեբասը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։