100 տարի առաջ այս օրը ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, որը համախմբեց աշխարհի բոլոր շախմատային ֆեդերացիաներին մեկ տանիքի տակ: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն։
Հուլիսի 20-ը նշվում է որպես շախմատի և շախմատի նվիրյալների միջազգային օր:
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան ուրախությամբ ու հպարտությամբ շնորհավորում է բոլոր շախմատիստներին, շախմատասերներին և շախմատի նվիրյալներին այս տոնի առթիվ և կոչ ենք անում բոլորին շարունակել տարածել այս հանճարեղ խաղի գեղեցկությունն ու արժեքները, որը դարեր շարունակ եղել է մարդկային մտքի և ստեղծագործականության անբաժանելի մասը»,- նշված է ՀՖՇ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ շախմատի միջազգային օրվա կապակցությամբ ՖԻԴԵ-ն մարտահրավեր է նետել բոլոր ֆեդերացիաներին` նպատակ ունենալով այսօր կազմակերպել հնարավորինս շատ խաղեր և այս օրը հռչակել աշխարհում ռեկորդային քանակությամբ շախմատ խաղացած օր:
Այս գաղափարից անմասն չի մնացել նաև Հայաստանը, քանի որ այս օրերին Գյումրիում ընթացող Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնությունը այս մարտահրավերի մի մասն է: