Այս ամառ «Բարսելոնայից» հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ՝ Սերժի Ռոբերտոն, Մարկ Գիուն, Մարկոս Ալոնսոն, իսկ Ժոաու Ֆելիշի ու Ժոաու Կանսելուի ապագան անորոշ է․ վերջիններս թիմում հանդես էին գալիս վարձավճարով, որի ժամկետը լրացել է հուլիսին։ Ըստ ինսայդների՝ կատալոնական ակումբը ցանկանում է ձևակերպել ֆուտբոլիստների ամբողջական տրանսֆերները։
Կատալոնական ակումբի երկրորդ թիմից հիմնական թիմին են միացել Հեկտոր Ֆորտը, Մարկ Կասադոն և Միկաիլ Ֆայեն։ Վերջինս շատ հեռանկարային ֆուտբոլիստ է և կարող է բավականին խաղաժամանակ ստանալ նոր մրցաշրջանում։ «Բրայթոնից» վերադարձել է Անսու Ֆատին, ով վարձակալությամբ էր հանդես գալիս անգլիական ակումբում։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնացիները որոշել են այս ամառ չմտածել ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու մասին: Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը դնում է ֆուտբոլիստի վրա։ Թիմի մարզական տնօրեն Դեկուն նույնպես կարծում է, որ Ֆատին կարող է օգնել թիմին։
Բայց, համենայն դեպս, Լապորտան դեռ կշարունակի համալրել թիմի կազմը։
«Բարսելոնան» այս ամառ դեռ տրանսֆերներ չի իրականացրել, սակայն ակումբի տրանսֆերային նպատակների մասին շշուկները շատ են։ «Բարսելոնան» որոշել է, թե ինչ տրանսֆերներ է նախատեսում իրականացնել այս ամառ, հայտնում է լրագրող Ադրիան Սանչեսը։ Աղբյուրի տվյալներով՝ այս ամառ նրանք ցանկանում են ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստների, ովքեր դարձել են Եվրո 2024-ի հաղթող։
Կատալոնացիների կարճ ցուցակում ընդգրկվել են Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը, «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն և «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն։
Անցած չորեքշաբթի «Բարսելոնան» բանակցություններ է վարել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ներկայացուցիչների հետ, կատալոնական ակումբը ակնկալում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը շուտով կպատասխանի՝ կմիանա՞ «Բարսելոնայի» ճամբարին, թե՞ ոչ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Իսկ ահա Մերինոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», իսկ Օլմոյի ծառայություններով՝ «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։ Այս ֆուտբոլիստների տրանսֆերները ձևակերպելու համար կատալոնացիներին թեժ մրցավազք է սպասվում։
Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը ևս հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Sport.es-ը։ Հոլանդացուն ցանկանում է ձեռք բերել կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ «Դեղագործները» կատալոնացիներին տեղեկացրել են ֆուտբոլիստի տրանսֆերի համար 40 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման չափի կետի մասին։ Գերմանացիները ֆինանսական զիջումների չեն գնա։
«Բարսելոնան» նաև պատրաստ է բաժանվել ևս մի քանի ֆուտբոլիստներից այս ամառ։ Ակումբը կվաճառի 27-ամյա վինգեր Ռաֆինյային, եթե մոտ 50 միլիոն եվրո առաջարկ ստանա, հաղորդում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստն ինքը շահագրգռված է վերադառնալ Անգլիայի առաջնություն, որի կազմում հանդես է եկել «Լիդսում»: