Ֆրանսիական ՊՍԺ-ն շուտով պետք է վաճառի իր թիմի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիին, որպեսզի ավարտի իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Ըստ աղբյուրի՝ նիգերիացի հարձակվողի գործակալը, որը բանակցություններ է վարում Փարիզում, տեղյակ է եղել, որ Օսիմհենի տրանսֆերի ավարտն անհնար է առանց խոշոր վաճառքի։ Հաղորդվում է, որ փարիզցիների ղեկավարությունը՝ մարզական տնօրեն Լուիս Կամպոսի գլխավորությամբ, վստահ է Կոլո Մուանիի մոտալուտ վաճառքի հարցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել նիգերիացի ֆուտբոլիստից, եթե 130 մլն եվրո առաջարկ ստանա նրա համար: Օսիմհենի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 100 մլն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կոլո Մուանին բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: