Հարձակվող Արշակ Կորյանն առաջին հարցազրույցն է տվել Մոսկվայի «Տորպեդոյի» պաշտոնական կայքին՝ որպես թիմի ֆուտբոլիստ:
«Ուրախ եմ դառնալու մեր երկրում հսկայական պատմություն ունեցող թիմի անդամ: Ակումբը հավասար է Ռուսաստանի թոփ ակումբներին: Կարծում եմ, որ «Տորպեդոն» պետք է վերադառնա այդ թոփ մակարդակին, այն է՝ Պրեմիեր լիգա։ Մեր ակումբի մասին բոլորը պետք է իմանան և նորից խոսեն:
⁃ Շատ գեղեցիկ խոսքեր եք ասում։ Դուք ուսումնասիրե՞լ եք «Տորպեդոյի» պատմությունը:
⁃ Գիտեմ, որ մեր թիմի երկրպագուները շատ լարված հարաբերություններ ունեն «Լոկոմոտիվի» երկրպագուների հետ։ Նրանք հիմնարար մրցակիցներ են։ Այն դերբիները, որոնք ես տեսել եմ, առասպելական են թիմային աջակցության տեսանկյունից: Երբեմն նույնիսկ ավելի հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում տրիբունաներում, քան խաղադաշտում (ժպտում է): Գիտեմ, որ «Տորպեդոն» շատ հավատարիմ երկրպագուներ ունի, նրանք աջակցում են թիմին միշտ և ամենուր՝ անկախ նրանից, թե թիմը որ առաջնությունում է հանդես գալիս։ Ակումբի պատմությանն առանձնապես չեմ տիրապետում, բայց ես իսկապես ուզում եմ իմանալ:
⁃ Ե՞րբ առաջին անգամ տեղեկացաք մեր ակումբից հետաքրքրության մասին:
⁃ Մոտ մեկ շաբաթ առաջ։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց։
⁃ Նախորդ մրցաշրջանը բավական լավ անցկացրեցիք։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարողացաք վերակենդանացնել ձեր կարիերան։
⁃ Չէի ասի, թե վերակենդանացրել եմ։ Անցած մրցաշրջանում մարզավիճակս լավ մակարդակի հասցրեցի և սկսեցի ավելի կարգապահ վերաբերվել իմ վիճակին: Իմ անձնական կյանքում ի հայտ եկան նպատակներ, առաջադրանքներ ու պարտականություններ։
⁃ Ի՞նչ եք կարծում, ո՞ր մրցաշրջանն է մինչ այժմ Ձեր կարիերայի գագաթնակետը:
⁃ Կարծում եմ՝ դեռ առջևում է։ Ես շատ հավակնություններ ունեմ, շատ բաներ, որոնք բաց եմ թողել և չեմ գիտակցել, ուստի ցանկանում եմ լրացնել բացերը:
⁃ Դուք բավականին շատ մրցաշրջաններ եք անցկացրել Առաջին լիգայում։ Ի՞նչ կասեք այս առաջնության մասին: Ո՞րն է դրա առանձնահատկությունը:
⁃ Այստեղ ուժային պայքարը շատ է, մտածելու ժամանակն ավելի քիչ է, թիմերը միմյանց ավելի քիչ ժամանակ են տալիս խաղալու համար։ Պրեմիեր լիգայում դեռ կա հստակ խաղային պլան, հասկանում ես, թե թիմն ինչպես կպահի իրեն, բայց այստեղ հաճախ ամեն ինչ շատ անկանխատեսելի է։
⁃ Հիշու՞մ եք նախորդ մրցաշրջանում «Տորպեդոյի» դեմ հանդիպումները:
⁃ Երկրորդ հանդիպումը միանշանակ հիշարժան էր, քանի որ ամեն ինչ վճռվեց վերջնամասում. «Խիմկին» հաղթեց: Առաջին հանդիպումը հիշարժան չէր, քանի որ պարտվեցինք (ծիծաղում է):