Այսօր՝ հուլիսի 11-ին Կոլումբիայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով հաղթեց Ուրուգվային (1:0) և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Այս հաղթանակի շնորհիվ Կոլումբիայի հավաքականը երկարաձգեց իր առանց պարտության շարքը՝ բոլոր մրցաշարերում հասցնելով 28-ի։ Այս շարքը բաղկացած է 22 հաղթանակից և 6 ոչ-ոքիից: Ընդ որում, կոլումբիացիները վերջին 13 հանդիպումներից 12-ում հաղթել են։
Կոլումբիայի հավաքականն իր վերջին պարտությունը կրել է 2022 թվականի փետրվարի 2-ին՝ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի Արգենտինայի հավաքականի հետ արտագնա խաղում (0:1)։ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիան կմրցի նույն Արգենտինայի հետ, խաղը կկայանա հուլիսի 14-ին ժամը 04։00-ին։