«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպման մասին։
«Արտագնա խաղերը բարդ են, բայց այս դեպքում մի փոքր առավելություն ունենք, քանի որ խաղն անցկացվելու է առանց երկրպագուների։ Մենք գիտենք մեր մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։ Մենք ուսումնասիրել ենք մրցակցին, հետաքրքիր ֆուտբոլ են խաղում։
Չեմպիոնությունից հետո ունեցանք մի քանի կարևոր ֆուտբոլիստի կորուստ։ Որքանո՞վ է հաջողվել փոխարինել նրանց նոր ֆուտբոլիստներով՝ կտեսնենք այս խաղի ընթացքում։ Բելառուսի առաջնությունն այս պահին ընթացքի մեջ է, մրցակից թիմը ռիթմի մեջ է:
Մենք ուսումնասիրել ենք մրցակցին, լսել ենք նրանց մարզչի հարցազրույցը, որ նրանք պրեսինգով են խաղալու մեր դեմ։ Մենք պատրաստ ենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Դինամո Մինսկ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։