Իտալացի 48-ամյա մասնագետ Սիմոնե Ինձագին նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսը։ Ինձագիի աշխատավարձը կկազմի 6,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: Բացի այդ, պայմանագիրը ներառում է 2 միլիոն եվրո հատուկ բոնուս, եթե «Ինտերը» Սիմոնեի գլխավորությամբ նորից նվաճի Սկուդետտոն:
Սիմոնե Ինձագին «Ինտերը» գլխավորել է 2021 թվականի հունիսին։ Նրա գլխավորությամբ միլանյան ակումբը հաղթել է Իտալիայի առաջնությունում (2023/2024), նվաճել երկրի երկու գավաթ (2021/2022, 2022/2023) և Իտալիայի երեք սուպերգավաթ (2021/2022, 2022/2023, 2023/2024)։
2022/2023 մրցաշրջանում «Ինտերն» Ինձագի գլխավորությամբ նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0։1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Հաղթական գոլը խփել է «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։