Այսօր՝ հուլիսի 9-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության հերթական խաղային օրը. կմեկնարկի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։
Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի և Armenia Premium-ի ուղիղ եթերում:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է գերմանական 10 քաղաքների 10 մարզադաշտերում: Մայրցամաքային առաջնությունը կավարտվի հուլիսի 14-ին։
Եվրոպայի առաջնության գործող հաղթողն Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Այդ եզրափակիչի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։
Եվրո-2024-ի երկրորդ կիսաեզրափակչում, որը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, Անգլիան կխաղա Նիդերլանդների հետ։