Սյունիքի մարզի Կապան համայնքում օրերս անցկացվել է Լիպարիտ և Մանվել Մալոյան եղբայրների ամենամյա հուշամրցաշարը, որն անցկացվել է հոբելյանական 10-րդ անգամ:
Մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի, Կապանի 28 մարզիկ – մարզուհիներ: Նրանք բոլորը ցատկորդներ են ու մրցել են հեռացատկ և եռացատկ մրցաձևերում:
Առավել հաջող են հանդես եկել կապանցիները: Կանանց հեռացատկում հաղթել է Յանա Սարգսյանը / 6 . 0 մ. /, եռացատկում՝ Մարիետա Մինասյանը / 12, 15սմ /:
Նշած մրցաձևերում տղամարդկանցից լավագունն էին Գոռ Բեգլարյանը /նա 7մ. 65 սմ արդյունքով հուշամրցաշարի նոր ռեկորդ է սահմանել / և Լևոն Աղասյանը՝ 16. 08 սմ:
Հուշամրցաշարում առաջին անգամ օգտագործվել են ժամանակակից սարքավորումներ՝ լազերային չափագրում, էլեկտրալուսատախտակ և այլն: Միջոցառումը կազմակերպական առումով բառացիորեն հիացրել է աթլետիկայի Եվրոպայի ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակ, լեհ Պռշամեգ Պրզբովսկուն: