«Սյունիք» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանին՝ թեպետ թիմը ՀՖՖ-ի կողմից ստացել էր արտոնագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կապանի «Լեռնագործ» ստադիոնը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին, իսկ «Սյունիքը» սկզբունքային դիրքորոշում ունի տնային հանդիպումներն անցկացնել բացառապես հարազատ մարզում՝ շեշտը դնելով տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման վրա, ակումբը որոշում է կայացրել ևս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Սյունիք» ՖԱ ղեկավարությունը թիմի առաջ նպատակ է դրել գալիք մրցաշրջանն ավարտել առաջին հորիզոնականում և ոսկե մեդալներով տեղափոխվել Պրեմիեր լիգա։