«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ ապրիլի վերջն ամենաիրատեսական ժամանակն է թիմի մարզումները վերսկսելու համար: Այս պասհին նախատեսվում է մարզումները վերսկսել ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է AS-ը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել էր, որ երկրում արտակարգ դրությունը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները մարզավիճակը պահում են տնային պայմաններում ու նրանցից յուրաքանչյուրը հաշվետու է Կիկե Սետյենի մարզչական շտաբին, սակայն առանց լիարժեք թիմային աշխատանքի նրանց ֆիզիկական վիճակը հեռու է նրանից, ինչ պետք է ունենա պրոֆեսիոնալ մարզիկը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին Չինաստանում: Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչեց որպես համաշխարհային համավարակ: Վերջին տվյալներով, աշխարհում վարակվել է ավելի քան 349 հազար մարդ, ավելի քան 15 հազարը մահացել են: