Իտալական «Տորինոյի» և Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը մյունխենյան բարերից մեկում ծեծկռտուքի է բռնվել երկրպագուի հետ։ Այս մասին հայտնում է սերբական Telegraf թերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլի վերջին տուրի Դանիայի հետ խաղի (0։0) նախօրեին: Ենթադրվում է, որ երկրպագուն նկատել է 27-ամյա դարպասապահին բարում խմելիս և մոտեցել նրան՝ հարցնելով, թե ինչու նա իր թիմակիցների հետ չի պատրաստվում առաջիկա հանդիպմանը։ Նշվում է, որ Սավիչն էլ քննադատությանը պատասխանել է հայհոյանքով և հարվածներով։
Հիշեցնենք, որ Սերբիան ԵՎՐՈ-2024-ի C խմբում ընդգրկված էր Անգլիայի, Դանիայի և Սլովենիայի հավաքականների հետ։ Սերբերը 3 տուրից հետո վաստակեցին 2 միավոր ու չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը։