Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Էլլադա Ալավերդյանը 800 մ վազքատարածության փոխչեմպիոն դարձավ 2:07.38 արդյունքով:
Թեև իր լավագույն արդյունքը չէ՝ մարզիկը գոհ է մրցելույթից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այդ հանգամանքների, ինչպես նաև Փարիզում անցկացրած մարզական հավաքի մասին Էլլադա Ալավերդյանը զրուցել է ArmSport.am-ի հետ:
— Էլլադա՛, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնակցությունը, գրանցած արդյունքը Փոքր երկրների ԵԱ-2024-ին:
— Ընդհանուր առմամբ գոհ եմ և՛ արդյունքից, և՛ գրաված տեղից: Ճիշտ է՝ լավագույն արդյունքս չէ, բայց հաշվի առնելով քամու ուժգնությունն ու տակտիկական պայքարը՝ վազքս բավականին լավ ստացվեց: Պետք է նշել, որ միջին տարածության վազքերում արդյունքի ու մեդալների համար պայքարը փոքր-ինչ տարբերվում է: Այս մրցումներում պայքարը տակտիկական էր: Քամին էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ, որպեսզի կարողանայի կրկնել իմ լավագույն արդյունքը:
— Այս պահին ի՞նչ մարզավիճակում եք:
— Մարզավիճակս այս պահին շատ լավ է: Առայժմ չգիտենք, թե մյուս մրցումը երբ կլինի, բայց շատ մրցումների մասնակցելու դեպքում լավագույն արդյունքը սպասեցնել չի տա:
— Փարիզյան հավաքն ինչպե՞ս եք գնահատում:
— Պետք է ասեմ, որ այն դրական ազդեցություն ունեցավ իմ մարզավիճակի վրա. այնտեղ կային մրցմանը պատրաստվելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչը, ցավոք սրտի, բացակայում է Հայաստանում: Հուսով եմ՝ մեր ֆեդերացիան նմանատիպ հավաքներ այսուհետ ավելի հաճախ կկազմակերպի, հատկապես, որ դրանք հիմա նաև պետության առաջնահերթություններից են:
— Մոտ 2 շաբաթվա համար թռիչքները մի փոքր շատ ստացվեցին ամեն դեպքում: Մի երկրում հավաքի մասնակցելը, մեկ այլ երկիր մրցման հասնելը ի՞նչ բարդություն ու հետևանք ունեցավ:
— Թռիչքները միշտ էլ հոգնեցուցիչ են, երբ դրանց ու մրցումների միջև ժամանակը քիչ է: Այս անգամ էլ մի քիչ շատ տանջվեցինք, ճիշտն ասած, որովհետև մի թռիչքից մյուսը դադարները շատ-շատ էին: Փարիզից Ջիբրալթար մեկնելիս անհարմարություններ եղան չվերթի սխալ կազմակերպման հետ կապված: Բնականաբար, ամեն օդանավակայանում 5-10 ժամ սպասելը և օրվա մեջ 3-4 թռիչքը իրենց բացասական ազդեցությունն ունեն ու ցանկացած մարզիկի հոգնեցնում են, նաև լրացուցիչ լարվածություն է առաջանում: Ու շատ ժամանակ էլ չի լինում հանգստանալու և վերականգնվելու համար, բայց ես արել եմ առավելագույնը՝ լավ հանգստանալու, վերականգնվելու ու այս մրցմանը լավ մասնակցելու համար:
— Թեև նշեցիք, որ առայժմ չգիտեք՝ հաջորդ մրցումը երբ կլինի, ամեն դեպքում, առաջիկա անելիքներն ու պլանները որո՞նք են:
— Դե, հաջորդ մրցումը Օլիմպիական խաղերն են, բայց դեռ պարզ չէ՝ աթլետիկայի հավաքականի անդամներից ով է մասնակցելու: Այս պահին մի քանի թեկնածուներ կան, որոնցից մեկն էլ ես եմ, բայց դեռ սպասում ենք հստակ որոշման:
Իսկ նախքան Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ միջազգային մրցաշարեր լինեն, որոնց մասնակցելու հրավիրեն հավաքականի առաջատար 2-3 մազիկի: Համենայն դեպս, մրցաշրջանը դեռ ավարտված չէ, ու ես մարզումները շարունակելու եմ Վանաձորում: Ամեն պահի հնարավոր է՝ մրցման հրավեր ստանամ, դրա համար պետք է մարզավիճակս բարձր մակարդակի վրա պահեմ: