2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը երկու լողորդ կունենա։ Հայաստանը ամառային Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի լողի ֆեդերացիայի ներկայացուցիչը։
Նշվում է, որ լողորդները որոշվել են վարկանիշային միավորներով։ Հայաստանի հավաքականի ամենաբարձր վարկանիշային միավորներն ունեն Արթուր Բարսեղյանը՝ 825 միավոր, Վարսենիկ Մանուչարյանը՝ 734 միավոր։
Հիշեցնենք, որ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը մասնակցել են նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Վարսենիկը 100 մ ազատ ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը, իսկ Բարսեղյանը 50 և 100 մ ազատ ոճերում՝ 43-րդ և 38-րդ տեղերը: Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին, ընդհանուր առմամբ, Հայաստանը կունենա 15 մասնակից։