Պորտուգալիա-Չեխիա հանդիպումով ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրը։ Հանդիպումը կայացավ Լայպցիգում և ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը 62-րդ րոպեին բացել է հաշիվը Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում։ Պորտուգալիան 69-րդ րոպեին պաշտպան Ռոբին Հրանակի ինքնագոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը (1:1): Հանդիպման 85-րդ րոպեին Դիեգո Ժոտան կարող էր կամային հաղթանակ պարգևել պորտուգալացիներին, սակայն նրա գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, խաղավերջում Ֆրանսեսկո Կոնսեյսաուն հաղթանակ պարգևեց իր թիմին։
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հավաքականի մեկնարկային կազմում էր։ 39-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։ Նախկինում Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոյում 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին (անցկացվել է 2021 թվականին)։ Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 27 հանդիպում է անցկացրել մրցաշարում, որոնցում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։
Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում էր նաև 41-ամյա պաշտպան Պեպեն։ Նա և 39-ամյա Ռոնալդուն Եվրոյի պատմության երեք ամենատարեց խաղացողների թվում են (համապատասխանաբար 1-ին և 3-րդ տեղերում): Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Հունգարիայի հավաքականի նախկին դարպասապահ Գաբոր Կիրայը (40 տարեկան 86 օրական)։
Եվս մեկ հետաքրքիր փաստ Պորտուգալիա-Չեխիա խաղից․Չեխիայի հավաքականի մեկնարկային կազմում ութ ֆուտբոլիստներ ներկայացնում են Չեխիայի առաջնությունը: Միայն երեք ֆուտբոլիստ են խաղում այլ առաջնություններում՝ Տոմաս Սոուչեկը և Վլադիմիր Ցուֆալը (երկուսն էլ՝ «Վեսթ Հեմ»), ինչպես նաև Պատրիկ Շիկը («Բայեր Լևերկուզեն»): Հայտացուցակում չորս խաղացողներ խաղում են նույն ակումբում՝ Պրահայի «Սլավիայում»: