Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը Շոտլանդիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղից առաջ՝ նախավարժանքի ժամանակ կատարած հարվածով կոտրել է երկրպագուի ձեռքը։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գերմանիայի հավաքականի հարձակվողը հարվածել է դարպասին, բայց գնդակը դիպել է 43-ամյա երկրպագուին, որը նստած է եղել առաջին շարքում՝ դարպասի հետևում։ Արդյունքում տղամարդը հիվանդանոցից է հետևել Եվրո-2024-ի մեկնարկային խաղին։ Հաղորդվում է, որ երկրպագուն վիրահատության կարիք չի ունեցել և կեսգիշերից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացավ Գերմանիա — Շոտլանդիա խաղը։ Գերմանացիները հաղթեցին ջախջախիչ հաշվով՝ 5։1։