Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը և 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանավորվել են, որ հարձակվողն այլևս անձեռնմխելի խաղացող չէ ազգային հավաքականում, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մարզչի միտքն այն է, որ Կրիշտիանուն հանդիպումները սկսելու է մեկնարկային կազմում, սակայն, կախված կարիքներից ու արդյունքից, մարզիչը կարող է փոխարինել նրան։
Գերմանիայում հունիսի 14-ին մեկնարկած Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը նույն խմբում կխաղա Չեխիայի, Թուրքիայի և Վրաստանի ընտրանիների հետ։ Կրիշտիանու Ռոնալդուի թիմը Եվրո-2024-ի մեկնարկային հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին Չեխիայի հետ:
Պորտուգալիայի հավաքականը մեկ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն. դա տեղի է ունեցել 2016 թվականին Ֆրանսիայում կայացած մայրցամաքային առաջնությունում։