2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Սերբիա-Անգլիա խաղում երկրպագուներին կվաճառվի միայն ցածր ալկոհոլային գարեջուր՝ 2,8 աստիճան ուժգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ թույլատրվելու է պատվիրել ոչ ավելի, քան երկու չափաբաժին գարեջուր միաժամանակ, իսկ ալկոհոլ տրիբունա բերելն ամբողջությամբ արգելվելու է։ Նշվում է նաև, որ Սերբիայի և Անգլիայի միջև խաղը կլինի մրցաշարի միակ խաղը, որտեղ ալկոհոլի սահմանափակումներ են գործելու։ Նախկինում ՈՒԵՖԱ-ն այդ հանդիպումը որակել էր որպես բարձր ռիսկային իրադարձություն:
Գելզենկիրխենում Եվրո-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Վիլհելմ Վեսելսը հայտնել է, որ խաղի օրը կվաճառվի մոտ 80 հազար լիտր գարեջուր։
Անգլիան և Սերբիան C խմբում են Դանիայի և Սլովենիայի հետ: Թիմերի միջև դիմակայությունը կկայանա այսօր՝ հունիսի 16-ին, Գելզենկիրխենի (Գերմանիա) «Վելտինս Արենա» մարզադաշտում: Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: