Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը լրջորեն է նախապատրաստվում տարվա գլխավոր ստուգատեսներին: Առաջնայինը, իհարկե, Փարիզի օլիմպիական խաղերն են: Համաշխարհային այդ մարզահանդեսում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն անվանի Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը: Նրանք հավաքականի կազմում մասնակցել են Ծաղկաձորում այսօր ավարտված ուսումամարզական հավաքին:
Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել է, որ մարզումներից մեկի ընթացքին հետևել է Մոնրեալի օլիմպիական խաղերի չեմպիոն / 1976թ./ Սուրեն Նալբանդյանը:
Բացառությամբ Արթուր Ալեքսանյանի, հավաքականի կազմը կմասնակցի վաղը Երևանում մեկնարկելիք Բենուր Փաշայանի անվան ավանդական հուշամրցաշարին: Այնուհետև, հունիսի 8 – 18- ը, առաջատարները հավաքի կմեկնեն Բուլղարիայի Վառնա:
Մարզումները այնուհետև կշարունակվեն Երևանում, արտերկրում, ապա Հայաստանից կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին: