Հայաստանում շարունակում է թափ հավաքել մենապայքարային ժամանակակակից սպորտաձևերի նկատմամբ երեխաների ու երիտասարդների համակրանքը։ 21-րդ դարի սկզբում, երբ մարտարվեստի նոր ձևեր ներթափանցեցին Հայաստան, ամեն օր ավելի ու ավելի շատ երեխաներ ցանկություն հայտնեցին սովորել, օրինակ, ոչ թե ավանդական կարատե, այլ մարտեր առանց կանոնների, UFC և այլն։ Վերջին տարիներին լուրջ զարգացում է ապրել գրեփլինգը, որի մասին մենք վերջերս պատմել էինք արդեն։
Ֆինանսավորումը թույլ կտա գրեփլինգը զարգացնել ամենաբարձր մակարդակի. Վլադիմիր Հովհաննիսյան
Հայաստանում ամենամեծ մասսայականություն վայելող մարզական կառույցներից է նաև «ԱրմՖայթինգը»։ Պրոֆեսիոնալ խառը մենամարտերի «Արմֆայթինգ» ֆեդերացիան ստեղծվել է 2005թ-ին՝ Հայկ Ղուկասյանի նախաձեռնությամբ: Ամբողջ աշխարհում հայտնի MMA (խառը մենամարտեր) մարզաձևը կոչվեց «ԱրմՖայթինգ», որը թարգմանաբար նշանակում է հայկական մենամարտեր: Մոտ 20 տարվա ընթացքում, առանց պետական աջակցության ստեղծվել է 48 մարզական ակումբ ՀՀ-ում և Արցախում, համալրվել նոր մարզական գույքով, մարզել հազարավոր մանուկների և պատանիների: ՀՀ սահմանամերձ բնակավայրերի և Արցախի մարզական ակումբների 470-ից ավելի մարզիկներ մարզվել և մարզվում են անվճար: Այս պահին ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը Միացյալ Նահանգներում է, որտեղ ընդլայնում է «Արմֆայթինգ»-ի աշխարհագրությունը։ Ֆեդերացիան բացել է մարզադպրոցներ նաև օվկիանոսից այն կողմ։ Գլենդել քաղաքում տեղակայված նորաբաց մարզադպրոցում ընդունելությունն արդեն սկսված է


Մայիս ամիսը արմֆայթինգցիների համար մեդալառատ է եղել։ Մայիսի 11-ին և 12-ին Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացել է Գրեփլինգի Եվրոպայի Մ15 առաջնությունը, որին մասնակցում էին նաև «Արմֆայթինգ»-ի Էջմիածին մարզական ակումբի սաները։ Նրանք կարողացել են արժանիորեն ներկայացնել իրենց մարզական կառույցն ու երկիրը և նվաճել են տարբեր հարգի մեդալներ։ Մասնավորապես, փայլել է Մարատ Կարապետյանը, որը Gi ձևաչափում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նույն՝ Gi և No gi ձևաչափերում արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել
Զորիկ Հովհաննիսյանը, Գարուշ Վարդանյանը, Ռաֆիկ Թումասյանը, Հովհաննես Մկրտչյանն ու Լենդրուշ Մկրտչյանը։
Այսքանով «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկների հաջողությունները չեն ավարտվել։ Մոսկվայում կայացած Գրեփլինգի Եվրոպայի բաց առաջնությանը մեր երկիրը ներկայացնող մարզիկները նվաճել են 19 ոսկե, 15 արծաթե և 14 բրոնզե մեդալ։ Իսկ թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը։ Գլխավոր մարզիչ, «Արմֆայթինգ» ֆեդերացիայի փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանի խոսքով, ամեն ինչ դեռ առջևում է, իսկ համագործակցությունը մարզական տարբեր կառույցների հետ թույլ է տալիս «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկներին խորացնել գիտելիքները և համաշխարհային ճանաչում ստանալ՝ մասնակցելով թիմային մրցումների։
«Այո, «Արմֆայթինգ»-ը զարգանում է ամեն տարի։ Մեր ընտանիքը մեծացել ու մեծանում է, բայց այսքանով մենք չենք սահմանափակվում։ Մենք միշտ հաղթանակների ծարավ ենք, ու ցանկանում ենք ամենուրեք ծածանել մեր եռագույնը։ Խառը մենամարտերի մրցաշարերում հաղթանակները միշտ եղել են ու կլինեն, բայց օրինակ, համագործակցելով այլ սպորտաձևերի ֆեդերացիաների հետ, կա հնարավարություն խորացնելու մեր գիտելիքները և Հայաստան անունն ավելի լսելի դարձնելու։
Գրեփլինգի ֆեդերացիայի մեր գրծընկերները մեծ աշխատանք են կատարել, և մենք մեր կողմից ցանկություն ենք հայտնել ներգրավվելու Եվրոպայի առաջնությանը։ Մեր համագործակցությունը տվեց իր արդյունքը։ «Հին մայրցամաքի» չեմպիոն ունենալը հիանալի արդյունք է բոլորիս համար։ Նոր հաղթանակները դեռ առջևում են», Armsport-ի հետ կիսվում է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանը։