«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն և աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է թենիսում մնալ 2025 թվականին։ Այս մասին հաղորդում է Clay Tenis-ը։
Աղբյուրի համաձայն, քանի որ Նադալը տարբեր վնասվածքների պատճառով չի կարողանում ինչպես հարկն է խաղալ այս տարի, իսպանացի թենիսիստն ավելի ու ավելի է մոտենում 2025 թվականին ելույթները շարունակելու որոշում կայացնելուն։ Հաղորդվում է, որ Նադալն ինքն է ակնարկել այդ որոշման մասին, երբ ասել է, որ հրաժեշտ է տալիս միայն Մադրիդին, այլ ոչ այլ մրցաշարերին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Նադալը 11 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցից յոթում հաղթել է։ Ռաֆայելը Բրիսբենում (Ավստրալիա) պարտվել է Ջորդան Թոմսոնին, Բարսելոնայում (Իսպանիա)՝ Ալեքս դե Մինաուրին, Մադրիդում (Իսպանիա) Իրժի Լեգեցկային և Հռոմում (Իտալիա) Հուբերտ Հուրկաչին: Նախկինում Նադալը հայտնել էր, որ ծրագրում է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին։